пятница, 9 ноября 2012 г.

Հայաստանը վաղ միջնադարում→ Արվեստ→

    Ճարտարապետություն

 
Վաղ միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել շինարարական արվեստը: Կառուցվել են ամրակուռ ամրոցներ, ապարանքներ, եկեղեցիներ, կարավանատներ, հյուրանոցներ, կամուրջներ, բնակելի տներ և այլն: Որպես շինանյութ հիմնականում օգտագործվել է բազմագույն տուֆ քարը, որով մեծապես հարուստ է մեր հայրենիքը: Աշխարհիկ շինությունները, որպես կանոն, զոհ են գնացել օտարների արշավանքներին, և վաղ միջնադարի մեծաքանակ շինություններից մեզ են հասել մեծ մասամբ եկեղեցիները, որոնք հատուկ խնամքով էին կառուցվում: Բացի այդ, օտարները, վախենալով «հայերի աստծու» վրեժխնդրությունից, դրանք սովորաբար չէին ավերում:
Հայ ճարտարապետության գլուխգործոցներից է Հռիփսիմեի տաճարը Վաղարշապատում (Էջմիածնում), որը 618թ. կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը: Տաճարը լավ պահպանվել է մինչև մեր օրերը և դիտողին զարմացնում է իր գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ, իսկ մասնագետներին՝ ճարտարապետական լուծումներով:
VII դ. կեսերին կառուցվում է Զվարթնոցի հրաշագեղ տաճարը Երևանից Էջմիածին տանող մայրուղուց ոչ շատ հեռու: Կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի կողմից, ունեցել է 50 մ բարձրություն և կանգուն է մնացել շուրջ երեք դար: Կործանվել է երկրաշարժից, չնայած կարծիք կա, որ այն կործանել են արաբները: Անգամ ավերակ վիճակում այն շատ տպավորիչ է:
Աշխարհիկ կառույցներից պահպանվել են իշխանական դղյակների, ամրոցների, նրանց պարիսպների մնացորդները: Այդ շրջանում հայոց ճարտարապետությանը հատուկ էր պարզությունը և վեհությունը:

                                    Քանդակագործություն և նկարչություն

 
 
Վաղ միջնադարում զարգացավ նաև քանդակագործությունը՝ պայմանավորված ճարտարապետության և շինարարության բուռն վերելքով: Այդ շրջանից հայտնի են մի շարք բարձրաքանդակներ և զարդերի փորագրություններ, որոնցով պատում էին եկեղեցիների, դամբարանների և պալատների պատերը: Իր զարդաքանդակներով հատկապես աչքի է ընկնում Զվարթնոցի տաճարը, որի պատերին նռներ և խաղողի ողկույզներ են պատկերված: Զվարթնոցի սյուներին քանդակված են թևատարած հզոր արծիվներ: Պահպանվել են նաև շինարարների մի քանի պատկերներ՝ աշխատանքային գործիքները ձեռքներին: Զվարթնոցի պատին Ներսես կաթողիկոսը թողել է հունարեն արձանագրություն. «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»:
Վաղ միջնադարում եկեղեցիների պատերը երբեմն ներսից զարդարում էին նկարներով: Դրանցում պատկերում էին Քրիստոսի հսկայական կերպարանքը՝ եզերված նռների, խաղողի ողկույզների և այլ զարդերի նկարներով:
Նկարչության մի տարատեսակ է խճանկարը (մոզաիկան), որով սովորաբար ծածկում էին եկեղեցիների, պալատների և բաղնիքների հատակը: Խճանկարները պատրաստվում էին բազմագույն և բազմերանգ քարերից: Հայկական լավագույն խճանկարները պահպանվել են Երուսաղեմի հայկական եկեղեցիներում: Դրանցից մեկն ունի շուրջ 30 քառ. մ մակերես և եզերված է թռչունների, ձկների և խաղողի ողկույզների զարդանախշերով:



Մանրանկարչություն

Արդեն հայ գրերի գյուտից հետո ծնունդ է առնում մագաղաթյա ձեռագրերը մանրանկարներով զարդարելու արվեստը: Ցավոք, այդ շրջանից մեզ է հասել ընդամենը չորս մանրանկար, որոնք բոլորն էլ կրոնական բովանդակություն ունեն: Հայ մանրանկարչությունը բուռն ծաղկում ապրեց զարգացած միջնադարում:

Թատրոն և երաժշտություն

Հայ միջնադարյան թատրոնը ժառանգեց Հայաստանի հելլենիստական թատրոնի ավանդույթները: Վաղ միջնադարում թատերական ներկայացումները տրվել են հայերենով և վայելել են մեծ ժողովրդականություն: Թատերական ներկայացումները տեղի են ունեցել քաղաքային հրապարակներում կամ գյուղական բնակավայրերի կենտրոններում՝ շրջիկ թատերախմբերի կողմից: Դրանք սովորաբար կազմված էին լինում պարուհիներից ու լարախաղացներից: Նրանց հաճախ հրավիրում էին իշխանական խնջույքներին՝ զվարճացնելու նախարարին, նրա ընտանիքի անդամներին և հյուրերին: Դերասանները փանդիռների (հայկական նվագարան) նվագակցությամբ երգում ու պարում էին հարսանիքներին, իշխանական խնջույքներին և երգում հուղարկավորության ժամանակ: Բուռն տարածում ունեին ժողովրդական գուսանական երգերը: Մեծ զարգացում ապրեց հոգևոր երաժշտությունը: Երգում էին Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս կաթողիկոսի և ուրիշների հեղինակած շարականները:
Վաղ միջնադարի հայ մշակույթն ամփոփեց հայոց հին մշակույթի զարգացումը և հայ մշակույթի մեջ ներմուծեց իսկական ազգային, ժողովրդական ոգի: Հայ մշակույթի բազմաթիվ երևելի հուշարձաններ ձեռք են բերել համաշխարհային նշանակություն:
 
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Комментариев нет: